Էրդողանն իր ելույթում մի շարք ուղերձներ է հնչեցրել
Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պատերազմը հաստատել է խաղաղության և անվտանգության անկայունությունը միջազգային ասպարեզում, հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիփ Էրդողանը, հինգշաբթի ելույթ ունենալով Իզմիրում «Efes-2022» միջազգային զորավարժությունների շրջանակում, փոխանցում է Anadolu-ն։
Թուրքական պետության ղեկավարի խոսքով` երկիրը հաջողությամբ պայքարում է ահաբեկչական կազմակերպությունների դեմ և միաժամանակ դիմակայում է անօրինական միգրացիային։ «Նույն Սիրիայում հենց Թուրքիան է կռվել ԴԱԻՇ ահաբեկիչների դեմ մարտի դաշտում։ Թուրքիան այսօր քայլեր է ձեռնարկում Սիրիայի տարածքում 30 կմ խորությամբ անվտանգության գոտի ստեղծելու ուղղությամբ»,- ասել է Թուրքիայի ղեկավարը։
Էրդողանն ուշադրություն է հրավիրել Էգեյան և Արևելյան Միջերկրական ծովում լարվածության վրա, որը կապված է Հունաստանի ագրեսիվ գործողությունների հետ և կոչ է արել Աթենքին հարգել միջազգային իրավունքի նորմերը, հրաժարվել զենք տեղակայել «ապառազմականացված գոտիների» կարգավիճակ ունեցող կղզիներում:
«Թուրքիան չի նահանջի Էգեյան ծովի տարածաշրջանում իր իրավունքներից, իսկ կղզիների «ապառազմականացման» հարցում նա պատրաստ է ձեռնարկել բոլոր քայլերը՝ հիմնվելով միջազգային պայմանագրերի տառի վրա։ Դադարեցրեք կղզիներում զենք տեղադրել: Ես կատակ չեմ անում»,- ասել է Թուրքիայի նախագահը։