Այդ հատուկ միջոցներն ամենաթեթև հատուկ միջոցներից են եղել, որոնք կիրառվել են․ նախկին ոստիկան պատգամավորը՝ հունիսի 3-ին ոստիկանության կողմից բիրտ ուժ կիրառելու մասին
Իմ դիտակմամբ՝ ոստիկանների գործողություններն իրավաչափ են եղել և մի քիչ էլ հանդուրժողական, որովհետև զանգվածային անկարգությունների պայմաններում արդեն ոստիկանությունը պարտավոր էր հատուկ միջոց կիրառել։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՔՊ-ական պատգամավոր Արմեն Խաչատրյանը։
Նրա խոսքով՝ այդ հատուկ միջոցներն ամենաթեթև հատուկ միջոցներից են եղել, որոնք այդ պահին կիրառվել են։ Սակայն, ոստիկանության գործողություններին գնահատական տալու համար Խաչատրյանը հորդորեց միայն այդ մեկ էպիզոդը չնայել։
«Արդեն գրեթե 2 ամիս է՝ ոստիկանությունն օր ու գիշեր ծանրաբեռնված ռեժիմով հասարակական կարգն է ապահովում, և որևէ անգամ հատուկ միջոցներ չէին կիրառվել։ Անգամ չէին կիրառվել պաշտպանական միջոցներ՝ սաղավարտ, ռետինե մահակ և այլն։ Բայց, երբ զանգվածային անկարգություններ են տեղի ունենում, ապա դա նշանակում է՝ ոստիկանության գործողությունները չեն կանխել և չեն նախականխել, պրոֆիլակտիկ չեն եղել։ Անկարգությունները զարգացել և դարձել են զանգվածային անկարգություն»,- նշեց Խաչատրյանը և հավելեց, որ ոստիկանությունը պետք է իր տակտիկան փոխեր և որոշակի առումով կոշտացներ։
Խաչատրյանի խոսքով՝ այդքան էլ կոշտ չի եղել, իսկ տուժողների մեծ մասը եղել են հենց ոստիկաններ։