«Ընդդիմությունը կարող է հավաքներ անել Օպերայի հայաթում»․ ՔՊ-ական պատգամավոր
Իշխանությունները քաղաքացիների կողմից բավական ուժեղ ճնշման տակ են, որ երթևեկությունը պետք է կարգավորել ու մեր քաղաքացիները չկրեն այդ անհարմարությունները, բավականին լուրջ ճնշման տակ ենք։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՔՊ-ական պատգամավոր Արմեն Խաչատրյանը։ Նա չի բացառում, որ իշխանությունները կարող են Ֆրանսիայի հրապարակն ազատել վրաններից` այդկերպ կարգավորելով քաղաքի երթևեկությունը:
«Հնարավոր է, որ նման որոշում կայացվի, որովհետև այդ հավաքը չարտոնված է, եթե ուզում են հավաք անել, կարող են այնպիսի տեղ անել, որ երթևեկությանը չխանգարեն։ Ընդդիմությունը կարող է հավաքներ անել Օպերայի հայաթում»,-ասաց Խաչատրյանը։
ՔՊ-ական պատգամավորը ոստիկանության գործողությունները իրավաչափ է որակում, անգամ, ըստ նրա, սահմանված չափից ավելի հանդուրժող են:
Այդուհանդերձ՝ պատգամավորը Հայաստանում քաղաքական որևէ ճգնաժամ չի տեսնում․ «Ճգնաժամ չեմ տեսնում, ճգնաժամ տեսնում եմ ընդդիմության մոտ, այսօր արդեն հերթապահության համար մարդ չեն գտնում, որ հերթապահի, անգամ՝ վարձով։ Ընդդիմությունը չգիտի՝ ինչով ավարտել այս ամենը»։