Շատ լավ որոշում էր. Անդրանիկ Քոչարյանը՝ ընդդիմության կողմից վրանները հավաքելու մասին
Որևէ իմաստ չուներ։ Կարծում եմ, որ իրենք ճիշտ գնահատեցին իրավիճակը և ճանապարհը բացեցին՝ խոչընդոտներ չառաջացնելով մեր քաղաքացիների համար։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՔՊ-ական պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը։
Նրա խոսքով՝ վրանների հավաքելը շատ լավ որոշում էր, և Սերժ Սարգսյանը, փաստորեն արձանագրեց, որ «Դիմադրության շարժումն» արդեն ունի լիդեր՝ Իշխան Սաղաթելյանը։
«Բնականաբար, նրանք իրենց որոշումը պետք է արձանագրեին նաև որպես հաղթանակ։ Մենք ասում ենք, որ Հայաստանին համերաշխություն է պետք, իսկ այդ համերաշխությունն Ազգային ժողովն է։ Ինչի՞ են փախել Ազգային ժողովից, ինչի՞ չեն վերադառնում»,- նշեց Քոչարյանը և հավելեց, որ ինքն ուզում է, որպեսզի ընդդիմությունը դառնա իրական ընդդիմություն։ Եվ ինքն այդ մասին բազմիցս ասել է։
Քոչարյանի խոսքով՝ ընդդիմությունը պետք է լինի այնպիսին, որ եթե ակնկալիք ունի վաղը դառնալ իշխանություն, ապա ինքը պետք է շարժվի Սահմանադրության պահանջներով։
«Պահանջը դրեցին, մեկ ամիս անցավ, ինչ գործողություն ասես՝ արեցին և վերջին հաշվով բոլոր փորձերը կիրառեցին՝ 90-ականներից սկսած։ Նույն դաշնակցականներին խորհուրդ եմ տալիս, որ իրենց ավագ ընկերների 90-ականների գործողությունները վերլուծեն, հասկանան և գնահատեն, որովհետև ամենակարևոր արժեքը մեր պետականությունն ու մեր պետությունն է»,- նշեց Քոչարյանը։