Շարժումը մտնում է նոր փուլ․ Շարմազանովը՝ ՀՀԿ-ի գնահատականների մասին
Շարժումը մտնում է նոր ընթացքի մեջ կամ փոխում ընթացքը, այլ մտնում է նոր փուլի մեջ՝ ավելի արմատական, ավելի ամբողջական, կազմակերպչական փուլի մեջ։ Ազգային գաղափարախոսության կրողները շարժումը պետք է տանեն մինչև հաղթական ավարտ։ Այս մասին «Հայելի» ակումբում ասաց ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը։
Նրա խոսքով՝ ինքը մեկ անգամ չէ, որ ասել է, որ այս շարժումը «Ղարաբաղյան շարժում-2» է, «Արցախյան շարժում-2» է, և սա ամենևին էլ կուսակցական շարժում չէ։ Սա մի կողմից Հայկի և Բելի պայքար է, Հայաստանի Երրորդ հանրապետության գաղափարական հիմքերի պահպանման պայքար է, իսկ մյուս կողմից Հայաստանի՝ ադրբեջանացման միջև պայքար է։ Հետևաբար այս շարժումը դիտարկել որպես կուսակցական, ընդդիմադիր շարժում՝ ճիշտ չէ։
«Ինչ վերաբերում է Հայաստանի Հանրապետական կուսակցության գնահատականներին, ապա ՀՀԿ-ն 2018թ․-ի մայիսից պայքարում է այս ազգակործան պատուհասի, կապիտուլյանտ, հողոտու իշխանության ռեժիմի դեմ և շարունակելու է պայքարել»,- նշեց Շարմազանովը։