Աննա Սիսոյանին առաջարկվել է գլխավորել մեկ այլ՝ ավելի խոշոր պոլիկլինիկա. Երևանի քաղաքապետարան
Երեւանի քաղաքապետարանը հաղորդագրություն է տարածել՝ անդրադառնալով այսօր Կառլեն Եսայանի անվան պոլիկլինիկայի աշխատակիցների բողոքի ակցիային՝ ընդդեմ քաղաքապետարանի՝ Աննա Սիսոյանին պաշտոնից ազատելու որոշման։
«Երեւանի քաղաքապետարանի նախաձեռնության հիմքում առաջնային օղակի առանձին պոլիկլինիկաների արդյունավետության բարձրացումն է, եւ հենց դա է պատճառը, որ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում գործող Կառլեն Եսայանի անվան պոլիկլինիկայի նախկին տնօրեն Աննա Սիսոյանին առաջարկվել է գլխավորել մեկ այլ՝ ավելի խոշոր պոլիկլինիկա՝ Կառլեն Եսայանի անվան պոլիկլինիկայում արձանագրված հաջող փորձն ու ձեռքբերումները այլ բուժական հաստատությունում ներդնելու ակնկալիքով:
Այսօր Երեւանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում գործող Կառլեն Եսայանի անվան պոլիկլինիկայի աշխատակիցների բողոքի ակցիայի ընթացքում մի քանի անգամ նշվեց, իբր կադրային փոփոխություններն իրականցվում են ՀՀ առողջապահության նախարարության կողմից: Պաշտոնապես հայտարարում ենք, որ այս տեղեկատվությունն իրականության հետ ոչ մի աղերս չունի, քանի որ վերոնշյալ պոլիկլինիկան գործում է Երեւանի քաղաքապետարանի ենթակայության տակ, ինչը նշանակում է, որ կադրային քաղաքականության իրականացումը բացառապես համայնքի իրավասությունն է: Եվս մեկ անգամ վստահեցնում ենք, որ քաղաքապետարանի նախաձեռնության հիմքում առաջնային օղակի առանձին պոլիկլինիկաների արդյունավետության բարձրացումն է, եւ հենց դա է պատճառը, որ նախկին տնօրեն Աննա Սիսոյանին առաջարկվել է գլխավորել մեկ այլ՝ ավելի խոշոր պոլիկլինիկա՝ Կառլեն Եսայանի անվան պոլիկլինիկայում արձանագրված հաջող փորձն ու ձեռքբերումները այլ բուժական հաստատությունում ներդնելու ակնկալիքով»: