ԱՄՆ-ը սառեցրել է Ուկրաինային անօդաչու սարքերի վաճառքը
ԱՄՆ-ի կողմից Ուկրաինային չորս MQ-1C Gray Eagle հետախուզական/հարվածային անօդաչու թռչող սարքերի վաճառքը հետաձգվել է այն մտավախությունների պատճառով, որ սարքավորումները կարող են հայտնվել թշնամու ձեռքում:
Այս մասին հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով երկու աղբյուրների։ Ավելի վաղ վաճառքը, որը քննարկվում էր մարտ ամսից, հավանության էր արժանացել Սպիտակ տան կողմից, նշել են գործակալության զրուցակիցները։
Առարկությունները կապված են այն փաստի հետ, որ անօդաչու սարքերի ռադիոտեղորոշիչն ու մի շարք այլ համակարգերը կարող են վտանգ ներկայացնել ԱՄՆ անվտանգության համար, եթե դրանք ընկնեն ռուս զինվորականների ձեռքը։
Գործակալության աղբյուրները հայտնել են, որ այս նկատառումն ի սկզբանե հաշվի չի առնվել, սակայն բարձրացվել է անցյալ շաբաթվա վերջին Պենտագոնում կայացած հանդիպումների ժամանակ։