ԱՄՆ–ն կանի ամեն ինչ, որպեսզի օգնի Հայաստանին Ադրբեջանի հետ խաղաղության հասնելու համար․ ԱՄՆ փոխպետքարտուղար
ԱՄՆ–ն ամեն ինչ կանի, որպեսզի Հայաստանի օգնի Ադրբեջանի հետ խաղաղության հասնելու համար, այս մասին «Ազատություն» ռադիոկայան հետ հարցազրույցում հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով տեղակալ Քերըն Դոնֆրիդը։
«Միացյալ Նահանգները հանձնառու է աջակցել այդ գործընթացին. մենք շատ ենք ցանկանում օգտակար լինել: ԱՄՆ-ը նաև անդամ է Մինսկի խմբի համանախագահության, որը կարևոր դեր է խաղում Լեռնային Ղարաբաղի հարցում։ Եվ մենք հավատարիմ ենք մնում այդ գործընթացին։ Մենք տեսնում ենք, որ Եվրամիությունը ևս կարևոր դեր է խաղում։ Այնպես որ, ես զգում եմ, որ սա հնարավորությունների պահ է տարածաշրջանի համար, և մենք կանենք ամեն ինչ, որպեսզի օգնենք Հայաստանին խաղաղության հասնելու համար»,– ասել է նա։
Հարցին, թե արդյոք հնարավոր է հասնել տևական խաղաղության, երբ Ադրբեջանի նախագահը պարբերաբար վերադառնում է ռազմատենչ հռետորաբանությանը, խոսում է «Զանգեզուրի միջանցքի» մասին ու տասնյակ հայերի պահում Բաքվի բանտերում, նա պատասխանել է․
«Կարծում եմ՝ կարևոր է, որ բոլորս մտածենք, թե ինչ հռետորաբանության ենք օգտագործում: Անկասկած, բառերը կարևոր են: Այնպես որ, մենք պետք է ուշադիր լինենք դրանք օգտագործելիս։ Կարծում եմ, որ գործողությունները նույնպես կարևոր են: Բայց եթե Ադրբեջանի և Հայաստանի միջև հաշտեցման ուղղությամբ առաջընթաց պետք է լինի, ապա կասկած չկա, որ մարդիկ պետք է ուշադիր լինեն իրենց խոսքերի նկատմամբ և հետևեն իրենց գործողություններին»:
Ուկրաինայի վերջին զարգացումները ցույց տվեցին նաև, թե որքան միասնական և ամուր կարող է լինել Արևմուտքը՝ պաշտպանելու այն երկրին, որը հարձակման է ենթարկվում ռազմատենչ հարևանի կողմից: Հարցին, թե արդյոք Հայաստանը կարող է Արևմուտքից ակնկալել նման ուժեղ և տեսանելի օգնություն, միգուցե՝ ռազմական աջակցություն, եթե ստիպված լինի պաշտպանել իր տարածքային ամբողջականությունը, ԱՄՆ փոխպետքարտուղարն ասել է․
«ԱՄՆ-ը, աջակցելով Ուկրաինային, ցույց է տալիս, որ խոսքը միայն Ուկրաինայի մասին չէ։ Խոսքը նաև հիմնարար սկզբունքների մասին է, այն է՝ հարգանքը ինքնիշխանության, տարածքային ամբողջականության, յուրաքանչյուր երկրի՝ իր արտաքին և անվտանգային քաղաքականությունը ընտրելու իրավունքի նկատմամբ: Մեր նպատակն է ապահովել, որ Ռուսաստանը երբեք չձեռնարկի նման ագրեսիվ ներխուժում որևէ այլ երկրի նկատմամբ: Ես նաև ուզում եմ հստակ ասել, որ որքան էլ կարևոր լինի այդ պատերազմը, որքան էլ կարևոր լինի մեր աջակցությունը Ուկրաինային, չի նշանակում, որ մենք ուշադրություն չենք դարձնում այլ խնդիրներին, Եվրոպայի այլ մասերին։ Եվ ես հույս ունեմ, որ իմ այցն այստեղ դրա շատ վառ օրինակն է: Իրավիճակը Հարավային Կովկասում շատ կարևոր է: