Պարսից ծոցում միջադեպ է տեղի ունեցել ամերիկյան և իրանական նավերի միջև
Իրանի ռազմածովային ուժերի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի երեք նավ Պարսից ծոցում 50 մետր հեռավորության վրա մոտեցել է ԱՄՆ ռազմածովային ուժերի Sirocco և Choctaw County նավերին, գրում է The Washington Post-ը՝ հղում անելով Պենտագոնի իր աղբյուրներին։
Պարեկային Sirocco նավը և Choctaw County արագ փոխադրող նավը գտնվել են Պարսից ծոցի միջազգային ջրերում, երբ իրանական նավակները «վտանգավոր մեծ արագությամբ» մոտեցել են ամերիկյան նավերին:
Իրանական նավակները շեղվել են իրենց ուղուց, երբ Sirocco-ի անձնակազմը նախազգուշական կրակ է արձակել: Արդյունքում բախումից հաջողվել է խուսափել։ Միջադեպից հետո մեկ ժամվա ընթացքում նավերը հեռացել են, այնուհետ իրանական նավակները լքել են այն տարածքը, որտեղ տեղի է ունեցել միջադեպը։