Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) հայաստանյան առաքելության ղեկավար Իվա Պետրովայի գլխավորած պատվիրակությանը
Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) հայաստանյան առաքելության ղեկավար Իվա Պետրովայի գլխավորած պատվիրակությանը։
Հայաստանի Հանրապետությունը ԱՄՀ-ին անդամակցում է 1992թ. մայիսի 28-ից։ Մինչ օրս ԱՄՀ-ի հետ համագործակցության շրջանակներում իրականացվել են 9 ծրագրեր, և իրականացման փուլում է գտնվում մեկ ծրագիր։
Հիմնադրամը բացի վարկերից անդամ երկրներին տրամադրում է նաև տեխնիկական աջակցություն և ուսուցում մի շարք ոլորտների համար, ինչպիսիք են՝ երկրի կենտրոնական բանկի քաղաքականությունը, դրամավարկային և արժութային քաղաքականությունը, հարկային քաղաքականությունը և վարչարարությունը, ինչպես նաև պաշտոնական վիճակագրությունը:
Ողջունելով գործընկերներին Շրջակա միջավայրի նախարարությունում, նախարարը նախ շնորհավորել է տիկին Պետրովային ԱՄՀ հայաստանյան առաքելության ղեկավար նշանակվելու, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության ԱՄՀ-ին անդամակցելու 30-ամյակի կապակցությամբ։
Նախարարը պատրաստակամություն է հայտնել քննարկելու շրջակա միջավայրի ոլորտում երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցեր։
Հանդիպման ընթացքում նախարարը գործընկերներին է ներկայացրել Շրջակա միջավայրի նախարարության կողմից իրականացվող և նախաձեռնված օրենսդրական բարեփոխումները և պատրաստակամություն հայտնել համագործակցության և գործիքակազմերի փոխանակման։
Հանդիպման ավարտին կողմերը պայմանավորվել են շարունակել հանդիպումներն առավել առարկայական քննարկումներ ու գործընթացներ ծավալելու նպատակով և, ըստ անհրաժեշտության, համագործակցել միմյանց հետ և այլ միավորների հետ` կլիմայական օրակարգով սահմանված նպատակներին հասնելու համար: