Արևմուտքը ձգտում է խափանել ռուս-թուրքական օդային հաղորդակցությունը
Արևմտյան երկրները ձգտում են պատժամիջոցների միջոցով խափանել ռուս-թուրքական օդային հաղորդակցությունը, ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ եվրոպական վարչության տնօրեն Յուրի Փիլիպսոնը։
«Մենք պետք է հաշվի առնենք, որ Արևմուտքի պատժամիջոցները, ի թիվս այլ բաների, ուղղված են ռուս-թուրքական օդային հաղորդակցության խաթարմանը։ Ուստի երկու երկրների համապատասխան գերատեսչությունները ինտենսիվ աշխատում են՝ վերացնելու բոլոր ռիսկերն ու անհարմարությունները, որոնք կարող են առաջանալ Թուրքիա մեկնող մեր զբոսաշրջիկների համար»,- ասել է Փիլիպսոնը։
Նա նշել է, որ չնայած «կոշտ արտաքին ճնշմանը», Թուրքիան շարունակում է համագործակցել Ռուսաստանի հետ երկկողմ գործերում, առաջին հերթին զբոսաշրջության ոլորտում։