Ուկրաինական ճգնաժամը կրկին ահազանգել է մարդկության համար. Սի Ցզինպին
Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը BRICS-ի գագաթնաժողովում իր տեսակոնֆերանսի ելույթում խոսել է Ուկրաինայի պատերազմի և Ռուսաստանի դեմ կիրառվող պատժամիջոցների մասին, հայտնում է Al Jazeera-ն։
Չինաստանի ղեկավարի խոսքով՝ «ուկրաինական ճգնաժամը կրկին ահազանգել է մարդկության համար։ Երկրները, անշուշտ, կբախվեն անվտանգության մարտահրավերներին, եթե ընդլայնեն ռազմական դաշինքները և փնտրեն իրենց անվտանգությունը ուրիշների հաշվին»: Միաժամանակ, Չինաստանի ղեկավարը չի ասել, թե ինչպես է պետք կարգավորել Ուկրաինայում ստեղծված բարդ իրավիճակը։
Նա նաև կասկած է հայտնել Ռուսաստանի նկատմամբ կիրառվող պատժամիջոցների օգտակարության վերաբերյալ, քանի որ, նրա կարծիքով, սա «երկսայրի սուր» է, որը կվնասի բոլոր երկրներին։
Գագաթնաժողովում Չինաստանի նախագահը կոչ է արել երկրներին համագործակցել խնդիրների լուծման համար։