Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությանը ընդունել է Ավստրիայի Հանրապետության Դաշնային խորհրդի նախագահ Քրիստին Շվարց-Ֆուքսը
Պաշտոնական այցով Ավստրիայում գտնվող ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությանը հունիսի 23-ին ընդունել է Ավստրիայի Հանրապետության Դաշնային խորհրդի նախագահ Քրիստին Շվարց-Ֆուքսը, տեղեկացնում են Հայաստանի խորհրդարանից։
«ՀՀ ԱԺ նախագահը գործընկերոջ հետ զրույցում նշել է, որ վերջին տարիներին Հայաստանի եւ Ավստրիայի միջեւ քաղաքական հարթակում նկատվում է երկկողմ հարաբերությունների զարգացման դրական դինամիկա. տեղի են ունեցել ակտիվ փոխայցելություններ, հանդիպումներ նախագահների, վարչապետների, արտգործնախարարների մակարդակով: Նա հավելել է, որ անհրաժեշտ է համագործակցություն հաստատել Հայաստանի խորհրդարանի եւ Ավստրիայի խորհրդարանի վերին պալատի միջեւ, քանի որ խորհրդարանական դիվանագիտությունը զգալի դեր է խաղում հայ-ավստրիական երկկողմ օրակարգի գործում ինչպես դաշնային, այնպես էլ ապակենտրոնացված մակարդակով:
Ալեն Սիմոնյանը վերահաստատել է Հայաստանի հանձնառությունը եվրոպացի գործընկերների հետ միասին ընդլայնելու եւ խորացնելու ինստիտուցիոնալ բարեփոխումների գործընթացը՝ ուղղված ժողովրդավարության, մարդու իրավունքների եւ օրենքի գերակայության հետագա ամրապնդմանը: Այս իմաստով ըստ ՀՀ ԱԺ նախագահի՝ Հայաստան-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի ուժի մեջ մտնելը շրջադարձային պահ է, որը նոր հեռանկարներ կբացի Հայաստան-ԵՄ համագործակցության խորացման համար:
Զրույցի ընթացքում ելակետային են եղել Հայաստան-ԵՄ մուտքի արտոնագրերի ռեժիմի ազատականացման, Ավստրիայի՝ Հայաստանում Ավստրիայի Հանրապետության դեսպանություն բացելու, Երեւանում ավստրիական վիզային ծառայությունների բացման վերաբերյալ հարցերը: