Նրանք, ովքեր դեռ սատարում են Փաշինյանին, պետք է համբերատար սպասեն, թե «խաղաղության դարաշրջանում» Ալիևի ձեռք բերած զենքերն ում գլխին են թափվելու․ Ղազարյան
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը 24-րդ այցն է կատարել Արցախ, այս անգամ՝ Քարվաճառի շրջան։ Այս մասին «Հայելի» ակումբում ասաց ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար, Լեհաստանում ՀՀ նախկին դեսպան Էդգար Ղազարյանը։
Ղազարյանի խոսքով՝ ինքը հաշվում է Ալիևի այցերը։ Վերջինս այնտեղ մասնակցել է նոր զորամասի բացմանը։ Ադրբեջանի պաշտպանության նախարարը հայտարարել է, որ այս տարվանից Ադրբեջանի բանակի թվաքանակի կազմն ավելացվելու է, իսկ Ալիևն իր հերթին հայտարարել է, որ նոր սպառազինություններ ձեռք բերելու վերաբերյալ պայմանագրեր է կնքել, և որոնք արդեն կատարման ընթացքի մեջ են։
«Այսինքն՝ Ադրբեջանն ընդլայնում է իր սպառազինությունները, բայց, մենք տեսնում ենք, թե ինչ է այդ ամենի ֆոնի վրա կատարվում Հայաստանում, այն է՝ արդեն մոտ երկու ամսից ավել է, ինչ ՀՀ ՊՆ-ն չունի ԳՇ պետ և երկու տեղակալ, ՀՀ պաշտպանության նախարարը Սուրեն Պապիկյանն է, որը որևէ սպառազինություն ձեռք չի բերել, ռազմատեխնիկական համագործակցության որևէ պայմանագիր չի կնքել։ Արցախի ՊԲ-ում ընթանում է վերջին զորացրումը, պատերազմից հետո ՊԲ մի փամփուշտ չի մտել, էլ չեմ ասում՝ որևէ այլ սպառազինություն և ռազմական տեխնիկա։ Այսինքն, ըստ էության, մենք մեր երկիրը զինաթափում ենք Ալիևի պահանջով։ Վերջինս նոր զորամասեր է բացում՝ հատկապես Հայաստանի հետ սահմանին, սպառազինություն ձեռք բերում և ավելացնում բանակի թվակազմը։ Այսինքն՝ մարդիկ պատրաստվում են խաղաղության դարաշրջանին։ Դա փաստորեն Նիկոլ Փաշինյանի աջակից Իլհամ Ալիևը նախապատրաստվում է խաղաղության դարաշրջանին, որի ընթացքում պետք է ոչնչացնի Նիկոլ Փաշինյանի կողմնակիցներին։ Այսինքն՝ նրանք, ովքեր դեռ սատարում են Նիկոլ Փաշինյանին, պետք է համբերատար սպասեն այդ խաղաղության դարաշրջանում Իլհամ Ալիևի ձեռք բերած զենքերն ում գլխին են թափվելու, ում վրա ենք կրակելու»,-նշեց Ղազարյանը։