Դաշանկցության ու Ռոբերտ Քոչարյանի աջակիցների համար մանդատակռիվ է, որ ունենան անձեռնմխելիություն. կքննարկվի ընդդիմադիրներին մանդատներից զրկելու հարց
Ազգային Ժողովը մոտ օրերս կքննարկի ընդդիմադիր պատգամավորներին մանդատներից զրկելու հարցը։ Այս մասին այսօր՝ հունիսի 28-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։
Նա նշեց, որ այս հարցի շուրջ վարչությունում կա 2 կարծիք. «Կա կարծիք, որ, այսպես թե այնպես, ընդդիմությունն ինքն իրեն արդեն մանդատներից զրկել է։ Անկեղծ ասած, ես չեմ պատկերացնում մեր գործընկերներն այդքան բարձր նշաձող դնելուց հետո և այդ նշաձողի տակ մնալուց հետո ո՞նց են վերադառնալու այս դահլիճ։ Այն, ինչ մահացած է, չես կարող զրկել մանդատից ու սպանել։
Ու կարծիք կա, որ պետք է մինչև վերջ մաշեցնել այն ամենն, ինչ իրենք արեցին», - նշեց Սիմոնյանը։
Նրա խոսքով, առնվազն տասը պատգամավոր կա, որոնց բացակայությունները թույլատրելիից բավականին շատ են:
«Կային 11-ն պատգամավորներ, բայց «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը վայր է դրել մանդատը, մնացել են 10 պատգամավոր»,-ասաց Ալեն Սիմոնյանը:
Նա չի բացառում, որ ընդդիմադիր պատգամավորներին կզրկեն ԱԺ փոխնախագահի, հանձնաժողովների նախագահի պաշտոններից։
Ըստ Ալեն Սմոնյանի՝ ընդդիմությունը զբաղված է պաշտոնակռվով ու դա արդեն անում է բացահայտ:
«Նույն Դաշանկցության, նույն Ռոբերտ Քոչարյանի աջակիցների համար սա մանդատակռիվ է, մանդատ ունենալու կռիվ է, որ ունենան անձեռնմխելիություն»,- նշեց Սիմոնյանը։