Ձեզ լինեն բոլոր պաշտոնները, մենք մեր հայրենիքի տերն ենք. Սևակ Նազարյան
Երբ ընդդիմությունն Արցախի հարցը կարմիր գծով սահմանելու համար ազգային օրակարգով արտահերթ նիստ էր հրավիրում, այս իշխանությունը խուսափում էր արտահերթ նիստից։ Այս մասին ԱԺ-ի դիմաց՝ «Դիմադրություն» շարժման հերթական ակցիայի ժամանակ հայտարարեց ՀՅԴ երիտթևի անդամ Սևակ Նազարյանը։
Նրա խոսքով՝ «Շուշիի հռչակագիր» կոչվող թշնամական այդ փաստաթղթին հակընդդեմ մի անմեղ փաստաթուղթ էր ներկայացվել՝ զուտ հայկական շահերին սպասարկելու համար, արտահերթ նիստ էր հրավիրվել, սակայն այս իշխանությունը չկար։
«Եվ հիմա՝ երկրի այս վիճակում, մարդիկ որոշել են, որ ամենակարևոր օրակարգն ընդդիմադիրներին պաշտոններից հանելն է։ Ձեզ լինի այդ պաշտոնները, բոլոր պաշտոնները թող ձեզ լինեն, մենք մեր հայրենիքի տերն ենք, ոչ թե այդ պաշտոնների»,- ասաց Նազարյանը։