Անկարան չի հավատում, որ Ռուսաստանը կմիջամտի Սիրիայում Թուրքիայի ռազմական գործողությանը. Չավուշօղլու
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ իր երկիրը և Ռուսաստանը տարաձայնություններ ունեն Սիրիայի հյուսիսում գործողության շուրջ, սակայն Անկարան չի հավատում, որ Ռուսաստանը կմիջամտի դրան։ Այս մասին նա ասել է NTV-ին տված հարցազրույցում։
Նրա խոսքով՝ թուրքական կողմը Մոսկվայից որևէ սուր արձագանք կամ բողոք չի ստացել։ «Ոչ, չեմ կարծում, որ Ռուսաստանը կմիջամտի։ Մենք Ռուսաստանի հետ տարաձայնություններ ունենք շատ հարցերում, այդ թվում՝ Ուկրաինայում գործողությունների, Ղրիմի և այլնի շուրջ։ Բայց մենք տնտեսական ու քաղաքական հարաբերություններ ունենք»,- նրա խոսքերն է մեջբերում «Կոմերսանտ»-ը:
Նա նաև նշել է, որ ԱՄՆ-ը և Ռուսաստանը չեն պահում իրենց խոսքը, որը տվել են Թուրքիային Սիրիայում ահաբեկիչների վերաբերյալ, ուստի Անկարան ստիպված կլինի ինքնուրույն լուծել խնդիրը. «Մյուս կողմից՝ ԱՄՆ-ն և Ռուսաստանը չունեն Թուրքիայի զինված ուժերի պլանավորված գործողության մասին խոսելու իրավունքը, նրանք իրենց խոսքի տերը չեղան»։