Մայք Պոմպեոն կարող է մասնակցել ԱՄՆ-ի նախագահական հաջորդ ընտրություններին
ԱՄՆ Պետդեպարտամենտի նախկին ղեկավար Մայք Պոմպեոն դիտարկում է իր մասնակցության հնարավորությունը ԱՄՆ հաջորդ նախագահական ընտրություններին, որը պետք է կայանան երկու տարի հետո։
Այս մասին, ըստ ռուսական լրատվամիջոցների, քաղաքական գործիչն ասել է Հունաստանում Economist համաժողովի ժամանակ։
Մայք Պոմպեոն, ինչպես ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը, ներկայացնում է Հանրապետական կուսակցությունը։ Լրագրողների հարցին՝ պատրա՞ստ է Թրամփի հետ միասին մասնակցել հաջորդ նախագահական ընտրություններին, Պոմպեոն պատասխանել է, որ չի բացառում նման սցենարը։
Նա նաև նշել է, որ նախագահական մրցավազքին մասնակցելու որոշումը կկայացվի հաջորդ տարվա սկզբին։