Գիտելիքի և հմտությունների ուղղությամբ ներդրումները երկրի զարգացման գրավականն են
Փոխվարչապետ, Բրյուսովի անվան պետական համալսարանի հոգաբարձուների խորհրդի նախագահ Համբարձում Մաթևոսյանն այսօր մասնակցել է Վալերի Բրյուսովի անվան պետական համալսարանի 2022 թվականի շրջանավարտների ավարտական հանդիսությանը, տեղեկացնում է փոխվարչապետի գրասենյակից։
Միջոցառմանը մասնակցել և ելույթով են հանդես եկել նաև Կրթության, գիտության մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը, Բրյուսովի անվան պետական համալսարանի ռեկտոր Կարինե Հարությունյանը, պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչները, ուսանողները, այլք։
Փոխվարչապետը շնորհավորել է շրջանավարտներին խորհրդանշական օրվա առիթով և նշել. «Ողջունում եմ ձեզ և՛ որպես պետական այր, և՛ որպես Բրյուսովի անվան պետական համալսարանի հոգաբարձուների խորհրդի նախագահ, և՛ պարզապես որպես հայ մարդ, որի համար բարձրագույն և անկորչելի արժեքներից մեկը եղել ու մնում է կրթությունը։
Հայաստանի Հանրապետությունը, իր առաջ կանգնած լրջագույն մարտահրավերներին ի պատասխան, այսօր աշխարհին պետք է ներկայանա իր երիտասարդ սերնդով, գիտակ, պատասխանատու, նորարար, ստեղծագործական մեծ ավյունով լի երիտասարդներով, որոնք պատրաստ են կառուցելու իրենց ընդհանուր տունը՝ ապավինելով գիտելիքի ուժին, և որոնք պատրաստ են դառնալու խաղաղության, համերաշխության և բարության ջատագովներ մեր երկրում և համայն աշխարհում»։