ՀՀ քաղաքացիություն ստանալու դիմումների թիվն ահռելի ծավալների է հասել․ Արա Ֆիդանյանը տվյալներ է ներկայացնում
Այսօր Ազգային ժողովում ՀՀ փոխոստիկանապետ Արա Ֆիդանյանը երկրորդ ընթերցմամբ քննարկման ներկայացրեց «ՀՀ քաղաքացիության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրինագիծը։ Նախագծի նպատակն է տնտեսության, գիտության, մշակույթի, առողջապահության, սպորտի ոլորտները զարգացնելու նպատակով, ընդլայնել պարզեցված նպատակով քաղաքացիություն ստացող այն անձանց շրջանակը, որոնց իրենց նշանակալի ավանդը կունենան մի շարք ոլորտներում։
Առաջին ընթերցումից հետո պատգամավորների կողմից առաջակություններ չեն ներկայացվել։ Օրինագիծը լրամշակվել է։ Մասնավորապես, հոդված 4-ում «ենթաօրենսդրական» բառից հետո լրացվել է «նորմատիվ», «իրավական» բառերը։
«Միաժամանակ, Ազգային ժողովի Պետաիրավական հանձնաժողովում տվյալ հարցի քննարկման ընթացքում պարոն Խաչատրյանի կողմից առաջարկ հնչեցվեց ներկայացնել տվյալ հարցի հրատապությունը ԱԺ արտահերթ նստաշրջանում ներկայացվելու վերաբերյալ։ Ուստի, համաձայն տվյալ առաջարկի՝ պետք է նշեմ, որ բոլորիս քաջ հայտնի պատճառներից ելնելով, այս տարվա ընթացքում, հատկապես՝ վերջին երկու ամսվա ընթացքում, ահռելի ծավալների են հասել ՀՀ քաղաքացիություն ստանալու դիմողների թիվը, ինչպես նաև ՀՀ քաղաքացու անձնագիր և նույնականացման քարտ ստանալու համար դիմողների թիվը։ Եվ նման պարզաբանումներն այս պահի դրությամբ իրականում օրհասական են»,- նշեց Ֆիդանյանը։
Մի քանի տվյալ ներկայացնելով՝ փոխոստիկանապետը նշեց, որ մասնավորապես 2021թ․-ի ողջ ընթացքում նույնականացման քարտ է ստացել 98 635 քաղաքացի, իսկ միայն 2022թ-ի առաջին կիսամյակի ընթացքում՝ 105 169 քաղաքացի։ Բավականին աճել է նաև բացառիկ ծառայությունների մատուցման համար քաղաքացիություն ստացած անձանց թիվը։ Եթե 2021թ․-ի ողջ տարվա ընթացքում եղել է 9 դեպք, ապա 2022թ․-ի առաջին կիսամյակի ընթացքում՝ արդեն իսկ 14։
Ֆիդանյանը, դիմելով պատգամավորներին, առաջարկեց ելնելով վերոգրյալից՝ օրինագիծն ընդունել երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ։