Գառնի համայնքի Ողջաբերդ բնակավայրի 15 տների բնակիչներ ֆինանսական աջակցություն կստանան
Կառավարության հուլիսի 7-ի նիստում ընդունված որոշմամբ նախատեսվում է ֆինանսական աջակցություն տրամադրել Կոտայքի մարզպետարանին Գառնի համայնքի Ողջաբերդ բնակավայրի սողանքային գոտում գտնվող 4-րդ և 5-րդ կարգի վնասվածության աստիճան ունեցող թվով 15 բնակելի տների բնակիչներին՝ բնակարանային պայմանների բարելավման համար:
Ըստ հիմնավորման՝ Ողջաբերդ բնակավայրը ակտիվ սողանքային գոտի է, որտեղ հողի վերին շերտը գտնվում է անընդհատ շարժման մեջ, ինչի հետևանքով կառուցված շինությունների կոնստրուկցիաները ենթարկվում են քայքայման և փլուզման, որը կարող է մարդկային զոհերի պատճառ դառնալ:
Համայնքում առկա և նախկինում երբևէ հատուցում չստացած վնասված 106 բնակելի տներից 59-ը վտանգավոր վիճակում է, որից 10-ը փլուզման եզրին է։
Ներկա փուլում խիստ առաջնային է թվով 15 առավել վտանգավոր վթարային բնակելի տներում ապրող քաղաքացիներին ֆինանսական աջակցություն ցուցաբերելու հարցը:
Ըստ որի՝ առաջարկվում է «1988-1992 թվականներին Ադրբեջանից բռնագաղթված և Հայաստանի Հանրապետությունում ապաստանած փախստական ընտանիքների բնակարանային ապահովում» միջոցառման հատկացումներից 241,897.5 հազար դրամը վերաբաշխել՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ որոշ մարզերում նախնական ուսումնասիրության արդյունքները հանգեցրել են միջոցառման շրջանակում շահառու 20 ընտանիքի նվազեցման, և ուղղել ՀՀ Կոտայքի մարզի Գառնի համայնքի Ողջաբերդ բնակավայրի սողանքային գոտում գտնվող 4-րդ և 5-րդ կարգի վնասվածության աստիճան ունեցող թվով 15 բնակելի տների բնակիչների բնակարային խնդիրները լուծելու համար բնակարանի գնման վկայագրերի տրամադրման միջոցով բնակարանների ձեռքբերման ծախսերին։ Վթարային բնակելի այդ տները ենթակա են քանդման: