Freedom House-ը կոչ է արել Փաշինյանին վերադառնալ ԶԼՄ-ների հետ ազատ շփման պրակտիկային
Միջազգային իրավապաշտպան Freedom House-ը կոչ է անում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին լրջորեն վերաբերվել ԶԼՄ-ների մտահոգություններին և օգտագործել ուղղակի հաղորդակցման ուղիները, այդ թվում՝ բաց և թափանցիկ մամուլի ասուլիսների միջոցով՝ ապահովելու առողջ գործող ժողովրդավարություն:
Այս մասին ասվում է կազմակերպության Twitter-ի միկրոբլոգում, որտեղ անդրադարձ է կատարվել Նիկոլ Փաշինյանի առցանց ասուլիսին։
«Վարչապետի նման ձևաչափով «մամուլի ասուլիսները» նախկինում տեղի են ունեցել 2021թ. նոյեմբերի 23-ին, դեկտեմբերի 24-ին և 2022թ. հունվարի 24-ին, որի արդյունքում խեղաթյուրվում է հարցի էությունը կամ հարցի որոշ նրբերանգներ։ Իսկ երբեմն որոշ հարցեր ընդհանրապես չեն հնչում։
Արդյունքում սահմանափակվում է հանրային հասանելիությանը պատշաճ տեղեկատվություն տրամադրելու հնարավորությունը»,- ասված է Freedom House-ի հրապարակման մեջ։
Կազմակերպությունը գտնում է, որ ԶԼՄ-ների հետ պետության ղեկավարի շփման նման ձևաչափը խտրական է, անարդյունավետ և հակասում է ժողովրդավարության հիմնական սկզբունքներին, այն է՝ թափանցիկությանը և հաշվետվողականությանը։
«Ուստի հորդորում ենք վարչապետ Փաշինյանին վերադառնալ ԶԼՄ-ների հետ ազատ շփման պրակտիկային, մանավանդ, որ COVID-19-ով պայմանավորված նախկինում առկա սահմանափակումներն արդիական չեն»,- ասված հաղորդագրության մեջ։
