«Հարկադիր տեղահանվա՞ծ», «տեղահանվա՞ծ», թե՞ «բռնի տեղահանված»․ հադրութցիները պահանջում են լուծել իրենց կարգավիճակի հարցը
Մենք լսել ենք, որ Արայիկ Հարությունյանն ինչ-որ ծրագիր է մշակում։ Լսել ենք նաև, որ մեզ ուզում են տան «հարկադիր տեղահանվածի» կարգավիճակ։ Եթե մինչև այդ խոսում էին «տեղահանվածի» կամ «բռնի տեղահանվածի» կարգավիճակի մասին, հիմա «հարկադիր տեղահանվածի»։ Բայց թե իրենք ո՞ւմ հետ են գնացել պայմանավորվել, որ մեզ տեղահանեն՝ չգիտենք։ Մեզ հետ չեն պայմանավորվել։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Հադրութ քաղաքի բնակիչ Արթուր Ստեփանյանը։
Հադրութցու խոսքով՝ ինքը որպես հադրութցի պնդում է, որ Հադրութում, ողջ շրջանում որևէ մի շունչ չի կարող ապացուցել, որ այնտեղ ադրբեջանցի է ապրել։ Անգամ մի գերեզմանաքար չկա։
Խոսելով Միավորված ազգերի կազմակերպությունից (ՄԱԿ) ակնկալիքների մասին, Ստեփանյանը նշեց․ «ՄԱԿ-ն առհասարակ փորձում է մեր քաղաքական հարցերն ինչ-որ ձևով շրջանցել, բերել կապել սոցիալական խնդիրների հետ։ Մեր կարգավիճակի հարցից բոլորը խուսափում են։ ՄԱԿ-ն ասել է, որ դա քաղաքական հարց է ու դա պետք է ձեր իշխանությունների հետ լուծեք»։