Թող մեզ տուն տան, 10 մլն դրամով ո՞նց բնակարան գնենք, 500 հազար կանխավճար տանք. քաշաթաղցիների ակցիան
Պետք է բարձրանանք Հայաստանում Արցախի օպերատիվ շտաբի պետ Վիրաբյանի մոտ, որպեսզի բարձրացնենք մեզ բնակարաններով ապահովելու հարցը։ Այս մասին Հայաստանում Արցախի օպերատիվ շտաբի մոտ, ակցիայի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց քաշաթաղցի Կարինեն։
Նրա խոսքով՝ մարդկանց արդեն սկսել են սերտիֆիկատներ հատկացնել, որտեղ գրված է, որ պետք է տրվի մինչև 10 մլն դրամ գումար։ Պարզվում է, որ բանկն ուղարկում է տուն գնահատողների և այդ տուն գնահատողները շատ ավելի էժան են գնահատում տները, քան դրանք կան։
«Փաստացի մեկ շահառու գնացել է, և տունը գնահատվել է 7 մլն։ Բանկը վճարումներ է կատարել, բայց էնտեղ կա 500 հազար դրամի կանխավճար, որը շահառուի վրա է մնում։ 10 մլն դրամը մեզ համար միֆ է։ Եթե մենք 10 մլն դրամով շրջաններից հազիվ էինք բնակարան առնելու, ապա հիմա նույնիսկ այդ 10 մլն դրամը գոյություն չունի»,- նշեց տիկին Կարինեն և հավելեց, թե մարդիկ որտեղից են դրանով տուն առնելու այս գնաճի դեպքում։
Նրա խոսքով՝ արդեն 2 տարի է, ինչ ժողովրդի 90%-ը վարձով է ապրում։ «Մարդիկ ծերը ծերին հասցնելով ապրում են, որտեղի՞ց մարդիկ պետք է գումար ունենան այդ կանխավճարը տալու համար»,- նշեց քաշաթաղցին։