Լավ կանի՝ ձայնը կտրի ու գնա զբաղվի Հայաստանի սահմանների պաշտպանությամբ, ոչ թե ընդդիմության վրա հոխորտա կամ մատ թափ տա․ Սաղաթելյանը՝ Պապիկյանին
Գիտե՞ք ինչ․․․սովորաբար, մենք Պաշտպանության նախարարությանը թիրախ չենք դարձրել մեր այս պայքարի ընթացքում, որովհետև ինքը Պաշտպանության նախարարություն է։ Բայց Սուրեն Պապիկյանը նախ պետք է հասկանա, որ ինքը նախ ՔՊ-ի պաշտպանը չի ու չզբաղվի ՔՊ-ի պաշտպանությամբ, այլ զբաղվի Հայաստանի Հանրապետության սահմանների պաշտպանությամբ։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ԱԺ նախկին փոխնախագահ, «Դիմադրություն» շարժման առաջնորդ Իշխան Սաղաթելյանը։
Նրա խոսքով՝ Պապիկյանն առհասարակ պետք է կողմնորոշվի՝ զբաղվել ՔՊ-ի տարածքային գրասենյակների ստեղծումո՞վ, թե՞ մեր երկրի պաշտպանությամբ։
«Եվ առհասարակ, լավ կանի՝ ձենը կտրի ու գնա զբաղվի նրանով, ինչով պետք է զբաղվի՝ Հայաստանի սահմանների պաշտպանությամբ, այլ ոչ թե ընդդիմության վրա հոխորտա կամ մատ թափ տա։ Եթե ասում եմ, որ իբրև Պաշտպանության նախարարություն զերծ ենք մնացել որոշ բաներ ասելուց, ուրեմն՝ թող իրենց չթվա, որ անձեռմխելի են։ Թող ձենը կտրի ու գնա զբաղվի Հայաստանի սահմանների պաշտպանությամբ, բանակի վերակառուցմամբ, որն ամբողջությամբ ձախողել է ինքն ու իր թիմը։ Կրկնում եմ՝ նրա նպատակը ՔՊ-ի պաշտպանությունը չէ։ Մենք հասկանում ենք, որ նրան Պաշտպանության նախարար նշանակել են իրենց իշխանությունն ամրապնդելու, բանակն իրենց ծառայեցնելու համար, բայց թող խելքները հավաքեն գլուխներն ու զբաղվեն նրանով, ինչի համար կոչված են»,- ասաց Սաղաթելյանը։