Մենք պլանավորում ենք ստեղծել առանձին արտաքին հետախուզական մարմին. ԱԽՔ
Ես ուզում եմ շնորհակալություն հայտնել այս քննարկումների համար, քանի որ հանրային այս լսումները ևս մեկ անգամ հաստատում են ՀՀ-ի ընտրած ժողովրդավարական ճանապարհը։ Այս մասին Ազգային ժողովում Ներքին գործերի նախարարություն ստեղծելու քննարկումների ժամանակ ասաց Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։
ԱԽՔ-ի խոսքով՝ ինքն ուզում է դիտարկումներ կատարել անվտանգության համակարգի կոնտեքստում, որովհետև ՆԳՆ-ն մեր երկրի անվտանգությունն ապահովելու տեսանկյունից կարևոր նշանակություն ունի։
«Բոլորդ տեղյակ եք, որ ՀՀ կառավարությունը, Ազգային ժողովի մեր քաղաքական թիմի հետ լայնածավալ բարեփոխումներ է իրականացնում։ Դրանցից մեկը ոստիկանության բարեփոխումներն են, մյուսը՝ Պաշտպանության նախարարության և Զինված ուժերի։ Եվ այս բարեփոխումների համատեքստում պլանավորում ենք ստեղծել առանձին հետախուզական մարմին, և Անվտանգության խորհրդի գրասենյակն արդեն գործընկերների հետ քննարկումներ է սկսել։ Ուզում եմ ասել, որ ոստիկանության բարեփոխումները հենց այս լայն կոնտեքստում նաև պետք է դիտարկել։ Դրա հիմքում դրված է նաև ժողովրդավարական կոնցեպտը, որովհետև 2018թ․-ից սկսած մեր կառավարությունը սկսել է անվտանգության ոլորտի ժողովրդավարացման գործընթաց, ինչը կարևոր է նաև անվտանգության կայունության և ներկարողությունների ավելացման տեսանկյունից։ Ի դեպ, անվտանգության համակարգի տեսանկյունից մենք նաև կարևոր ենք համարում ոստիկանության և Արտակարգ իրավիճակների նախարարության գործառույթների՝ մեկ նախարարության մեջ համատեղելը»,- ասաց Գրիգորյանը։