Ներկայանալով անվտանգության աշխատակից՝ կողոպտիչը բանկից 179 000 դոլար է հանել
Լոնդոնում բանկի կողոպտիչը, ներկայանալով որպես անվտանգության աշխատակից, համոզել աշխատակիցներին իրեն փոխանցել 179 000 դոլար, գրում է LADBible-ը։
Ըստ ԶԼՄ-ների՝ տղամարդը համազգեստով մտել է բանկի մասնաճյուղ, մոտեցել դրամարկղին, աշխատակցուհուն ցույց է տվել անձը հաստատող կեղծ փաստաթուղթ եւ պահանջել իրեն տալ ողջ կանխիկ գումարը։ Թղթադրամներով տուփերը ստանալուն պես նա հեռացել է անհայտ ուղղությամբ։
Ավելի ուշ աշխատակիցները, զանգահարելով ինկասացիոն ծառայություն, փորձել են ճշտել, թե ստացել են արդյոք գումարը, սակայն վերջիններս չեն հասկացել, թե ինչի մասին է խոսքը։
Գլխի ընկնելով, որ իրենց խաբել են, բանկի աշխատակիցները ոստիկանություն են կանչել։ Ճիշտ է, երբ սպաները ժամանել են, կողոպտիչն արդեն անհետացել է՝ ոչ մի հետք չթողնելով։ Ականատեսները տեսել են, որ տղամարդը նստել է մոտակայքում կայանված ֆուրգոնը, որում նրան սպասելիս է եղել վարորդը։ Ոստիկանությունից հաստատել են դեպքի փաստը, սակայն հայտնել են, որ առայժմ տեղեկություն չունեն տղամարդու ինքնության մասին։