Ուկրաինային տնտեսական աղետ է սպառնում, մենք կփորձենք գոյատևել․ Զելենսկիի խորհրդական
Բյուջեի դեֆիցիտը ծածկելու համար Ուկրաինային ամսական 9 միլիարդ դոլար է անհրաժեշտ արևմտյան երկրներից, ինչը գրեթե կրկնակի գերազանցում է նախորդ պահանջը։ Այս մասին գրում է «The Financial Times»-ը՝ վկայակոչելով Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու տնտեսական հարցերով խորհրդական Օլեգ Ուստենկոյի կատարած հայտարարությանը։
«Մենք կփորձենք գոյատևել ամեն դեպքում, բայց առանց մեր դաշնակիցների ֆինանսական աջակցության, դա ոչ միայն դժվար, այլև գրեթե անհնար կլինի»,- ասել է ուկրաինացի պաշտոնյան։
Հոդվածում նաև ասվում է, որ Կիևը կորցրել է արտարժույթի եկամուտը հացահատիկի և պողպատի արտահանման դադարեցման հետևանքով։ Այժմ Ուկրաինան ստիպված է կարճ ժամանակում «այրել» իր արտարժույթի պահուստները, քանի որ Կենտրոնական բանկը գնում է պետական պարտատոմսեր՝ լրացնելու ֆինանսավորման բացը: