Վլադիմիր Պուտինի Իրան այցի ընթացքում կողմերը կշոշափեն նաև ուկրաինական հարցը. Աբդոլլահյան
Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանը իտալական La Republica թերթին տված հարցազրույցում ասել է, որ Թեհրանը հասկանում է ռուս-ուկրաինական պատերազմի դրդապատճառները, սակայն դեմ է այս հակամարտության ռազմական լուծմանը։
«Մենք ի սկզբանե հստակ արտահայտել ենք մեր դիրքորոշումը ուկրաինական պատերազմի վերաբերյալ: Հակամարտության սկզբում մենք փորձեցինք դադարեցնել պատերազմը և բանակցություններ սկսել կողմերի հետ։ Ես ինքս երեք անգամ կապ եմ հաստատել Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրի Կուլեբայի և Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ։ Մենք վստահ ենք, որ Ուկրաինայի հակամարտության կարգավորման ճանապարհը ոչ թե ռազմական է, այլ խաղաղ», - ասել է Իրանի ԱԳՆ ղեկավարը։
Աբդոլլահյանը հավելել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի Իրան այցի ընթացքում կողմերը կշոշափեն ոչ միայն սիրիական հակամարտությունը, այլև ուկրաինական հարցը։