Խոսքը կարող է վերաբերվել միայն Արցախի զինաթափմանը. քաղաքագետը՝ ԱԽՔ-ի հայտարարության մասին
Հուլիսի 16-ին Թբիլիսիում տեղի է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների մոտ երեք ժամ տևած հանդիպումը։ Այս մասին ֆեյսբուքում գրել է քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը.
«Երկու երկրների արտաքին գերատեսչություններ տարածած համանման, բայց անբովանդակ հայտարարությունն առիթ էր տվել կարծելու, որ իրական պայմանավորվածությունների մասին կողմերը լռել են։
Եվ ահա ՀՀ ԱԽ քարտուղարն այսօր հայտարարեց, որ «պատերազմի բերումով Արցախ մուտք գործած ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները վերադառնում են Հայաստան»։
Բայց քանի որ իմ տեղեկություններով Արցախում ՀՀ ԶՈւ ստորաբաժանումներ չկան, իսկ ժամկետային զինծառայողների զորացրումը քաղաքական հայտարարության առիթ չէ, ուրեմն կարելի է ենթադրել, որ քննարկվող թեման շատ ավելի բովանդակային է, քան կարող է թվալ առաջին հայացքից։ Այս դեպքում խոսքը կարող է վերաբերվել միայն Արցախի զինաթափմանը։ Վստահ եմ՝ «ՀՀ ԶՈւ ստորաբաժանումներ» ասելով՝ այս իշխանությունները նկատի ունեն Արցախում գտնվող ռազմական տեխնիկան, որի դուրսբերումն ադրբեջանական կողմի՝ վաղուց ձևակերպված պահանջներից մեկն է»,-գրել է քաղաքագետը: