Ուկրաինան Իրանին կոչ է արել չանել ՌԴ ագրեսիան հրահրող հայտարարություններ
Ուկրաինայի արտաքին գործերի նախարարությունը կոչ է արել Իրանի Իսլամական Հանրապետությանը` զերծ մնալ Ուկրաինայի դեմ ռուսական ագրեսիային նպաստող հայտարարություններից կամ քայլերից, «Ինտերֆաքս-Ուկրաինա»-ին ասել է Ուկրաինայի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Օլեգ Նիկոլենկոն։
«Ռուսաստանի Դաշնության դեմ իբր հարձակում նախապատրաստելու վերաբերյալ ցանկացած մեղադրանք անհիմն է եւ մանիպուլյատիվ։ Մենք կոչ ենք անում իրանական կողմին զերծ մնալ հայտարարություններից կամ քայլերից, որոնք կնպաստեն Ուկրաինայի դեմ Ռուսաստանի Դաշնության ագրեսիային»,- ասել է Նիկոլենկոն:
ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը մտահոգություն է հայտնել նաեւ Իրանի վերաբերմունքի փոփոխության վերաբերյալ եւ նշել, որ պատերազմի սկզբում Իրանը չեզոք դիրքորոշում ուներ եւ հանդես էր եկել հրադադարի եւ քաղաքական ու դիվանագիտական կարգավորման օգտին, ինչը փոխվել է:
Նա շեշտել է՝ ՌԴ-ի քայլերի խրարուսումը նպաստում է ո՛չ միայն ՌԴ-Ուկրաինա պատերազմի շարունակականությանը, այլեւ հիմք է ստեղծում աշխարհի այլ տարածաշրջաններում խաղաղության եւ անվտանգության ապակայունացմանը: