Սանկցիաների պատճառով վերադարձել են «կուկուռուզնիկների» դարաշրջան. «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է.
«Ռուս-ուկրաինական պատերազմի հետևանքով կիրառվող սանկցիաները լուրջ ազդեցություն են գործել հատկապես ավիացիոն ոլորտի վրա։ Նախ՝ եվրոպական Airbus եւ ամերիկյան Boeing ընկերությունները հրաժարվել են օդանավ վաճառել ռուսական ավիաընկերություններին եւ պահեստամաս մատակարարել նախկինում իրենց վաճառած օդանավերի համար։ Բացի այդ, այսօր արգելված են ռուսական ավիաընկերությունների այն օդանավերի թռիչքները եւս, որոնք ունեն եվրոպական գրանցում, ասենք՝ եվրոպական ընկերությունից են լիզինգով վերցվել եւ շահագործվում են ռուսականի անվան տակ։ Ստիպված՝ ռուսական ընկերությունները կա՛մ չեն թռչում, կա՛մ թռչում են արդեն ռուսական արտադրության Sukhoy Superjet օդանավերով, որոնք ընդամենը 100 տեղանոց փոքր օդանավեր են եւ լավ վարկանիշ չունեն։
Նույն ռուսական խոշորագույն «Աէրոֆլոտ» ընկերությունը, որ Airbus-ի եւ Boeing-ի տասնյակ խոշոր մոդելներ ուներ, այսօր ստիպված է թռիչքներ իրականացնել 100 տեղանոց ռուսական «կուկուռուզնիկներով» կամ առհասարակ չթռչել։ Նույն S7-ն ու ռուսական մյուս հայտնի ընկերություններն էլ չեն կարողանում այսօր թռիչքներ իրականացնել կամ թռչում են Sukhoy Superjet-երով։ Երեւան թռիչքները եւս այսպիսի օդանավերով են իրականացվում։
Այսօր «Զվարթնոց» օդանավակայանում կարելի է այդպիսի օդանավեր կայանված տեսնել։ Իսկ այն ընկերությունները, որոնք Airbus կամ Boeing օդանավերով են չվերթներ իրականացնում, ուրեմն դրանք կա՛մ իրենց սեփական օդանավերն են, կա՛մ եվրոպական սեփականատերեր չունեն։
Այս սանկցիաները, բնականաբար, ազդել են նաեւ հայկական ավիաընկերությունների վրա, որոնք լիզինգով եվրոպական ընկերություններից օդանավեր էին վարձակալել։ Օրինակ՝ «Արմենիա» ավիաընկերությունն այս պահին միայն մեկ օդանավով է կարողանում թռիչքներ իրականացնել ռուսական ուղղությամբ։ Խոսքը Երեւան-Մոսկվա-Երևան թռիչքների մասին է, Ռուսաստանի մյուս քաղաքներ, օրինակ՝ Մինվոդի, թռիչքներն առժամանակ կասեցվել են, քանի որ իրենց մյուս օդանավերը լիզինգով վերցված էին եվրոպական ընկերություններից եւ այսօր սանկցիաների տակ են։ Թեպետ օրերս ընկերությունը հայտարարեց, որ իրենց վրաց գործընկերների հետ համատեղ երեք նոր Boeing-ի համար պայմանագիր են կնքել, որոնք արդեն իրենց սեփականը կլինեն։ Նույնը նաեւ մյուս այն ընկերությունների դեպքում է, որոնց օդանավերն ունեն եվրոպական սեփականատերեր»: