Դասախոսից մինչև սպա պետք է ունենան բարձր սոցիալական դիրք, միսիա․ Վահրամ Մարտիրոսյան
32 տարի գիտակրթական համակարգում ոչինչ չանելով հասանք այսօրվա ճգնաժամին։ Համալսարանական տեղերի համալրման տոկոսը դարձել է այնքան, որ բարձրագույն կրթության ոլորտը մտել է համակարգային կոլապսի մեջ։ Ռազմական ԲՈւՀ-երում համալրման հարցը փորձում են լուծել ընդունվողներին տուն նվիրաբերելով։ Ֆեյսբուքյան իր էջում այդ մասին գրառում է արել «Zangi» ընկերության հիմնադիր Վահրամ Մարտիրոսյանը:
«Այսինքն ապագա սպան կարող է չսիրել իր գործը, բայց նյութական մեծ շահագռգռվածությամբ պայմանավորված մնալ իր գործին։ Ի տարբերություն կառավարությունում նստած ինֆանտիլների կառավարման իրական փորձ ունեցողները գիտեն, որ միայն նյութական շահագռգռվածությամբ աշխատակիցներ ունենալը ամենաանարդյունավետ ու ռիսկային բաներից մեկն է։
Մեզ անհրաժեշտ է համակարգային փոփոխություն։ ՀՀ-ում գործող գերմանական ակադեմիական մոդելը հնացել է և ընդհանպապես չի բավարարում ժամանակակից պահանջմունքներին։ Պետք է անցում կատարել կամպուսային մոդելի, որտեղ մեկտեղված կլինեն գիտությունը, կրթությունը և բիզնեսը։
Դասախոսից մինչև սպա պետք է ունենան բարձր սոցիալական դիրք, միսիա, աշխատանքային միջավայր, աճելու հնարավորություն և իհարկե բարձր աշխատավարձ։ Հակառակ դեպքում միայն նյութական շահագռգռվածությամբ խնդիրներ լուծելու փորձերը ավելի են գցելու համակարգի որակական ցուցանիշները»,-գրել է Մարտիրոսյանը: