Ստեփանավանում բացվել է միասնական սոցիալական ծառայությունների կենտրոն
Միասնական սոցիալական ծառայության (ՄՍԾ) Ստեփանավանի տարածքային կենտրոնն այսուհետ մեկ պատուհանի սկզբունքով սոցիալական ծառայություններ կտրամադրի տարածաշրջանի 20 բնակավայրի շուրջ 18,500 բնակչի, տեղեկացնում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից։
Հուլիսի 25-ին կայացել է կենտրոնի պաշտոնական բացման արարողությունը, որին մասնակցել են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը, Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը, Ստեփանավանի քաղաքապետ Արմեն Գրիգորյանը, ՄՍԾ պետ Էդուարդ Պետրոսյանը և այլ պաշտոնյաներ։
Ըստ նախարարության՝ կենտրոնի հիմնումը, որի համար ՀՀ Կառավարության և Համաշխարհային բանկի համագործակցությամբ հատկացվել է շուրջ 294,5 մլն դրամ, հնարավորություն կտա Ստեփանավանի տարածաշրջանի բնակիչներին մեկ հարկի ներքո օգտվել սոցիալական ապահովության, զբաղվածության, բժշկասոցիալական փորձաքննության և սոցիալական աջակցության ոլորտների ծառայություններից։