Թեհրանն ու Մոսկվան աշխատում են միասնական վճարային համակարգի ստեղծման վրա
Իրանի արտաքին գործերի փոխնախարարի տնտեսական դիվանագիտության գծով Մեհդի Սաֆարին РИА «Новости» գործակալության հետ զրույցում ասել է, որ Մոսկվան և Թեհրանը մշակում են միասնական վճարային համակարգ։ Խոսքը «SWIFT»-ի նման համակարգի մասին է։
«Երկու երկրներ, որոնք ցանկանում են ապադոլարացնել իրենց գործարքները, պետք է ունենան «SWIFT»-ի նման հատուկ համակարգ: Իրանական և ռուսական կողմերն առաջարկել են նման համակարգի մեկ տարբերակ։ Այժմ մենք գործնականում շատ լավ համաձայնության ենք եկել, որի հիման վրա կարող ենք արժութային գործարքներ կատարել երկու երկրի միջև»,-ասել է Սաֆարին։
Ավելի վաղ Սաֆարին հայտարարել էր, որ Իրանը պատրաստ է շինանյութ և բերք մատակարարել Ռուսաստանին։ Ռուսաստանի Դաշնության հետ Իրանի առևտուրն այժմ իրականացվում էր ազգային արժույթով։ Նրա խոսքով՝ ներկայումս իրանական կողմը մեծ քանակությամբ ռուսական հացահատիկ է ներկրում ազգային արժույթի դիմաց։