Ինչ վերաբերում է տարբեր հրամանատարների պատասխանատվության ենթարկելուն, ապա այլ տարբերակ այս իրավիճակում չի կարող լինել․ Տիրան Խաչատրյան
ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի
նախկին առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանն այսօր մասնակցել է Դիմադրության
շարժման հրավիրած հանրահավաքին։
Միքայել Արզումանյանին ու Ջալալ Հարությունյանին
աղմկահարույց մեղադրանքներ առաջադրելը տպավորություն չի՞ ստեղծում, որ
Հայաստանի գործող իշխանությունը պարտության պատասխանատվությունը
հրամանատարների, նրանց կողմից ցուցաբերված «անփութության» վրա է բարդում հարցին ի պատասխան Տիրան Խաչատրյանն ասել է․ «Չգիտեմ՝ ինչու՞ է հիմա տպավորություն
ստեղծվում, երբ դեռևս բավականին երկար ժամանակ առաջ կոնկրետ պատասխանատու
անձը հայտարարություն արեց, որ ինքը համար մեկ պատասխանատուն է, բայց համար
մեկ մեղավորը չէ։ Դա արդեն բոլորին էլ հետևություն անելու առիթ կարող էր
տալ, որ հետևանքները կամ շարունակությունը լինելու է այնպիսին, որ կբերի
այդ «համար մեկ պատասխանատուից» պատասխանատվությունը հանելուն ու
հերթականությամբ մեղավորներ նշանակելուն»։ Ըստ Խաչատրյանի՝ այդքանն
արդեն հերիք էր, որպեսզի հասկանալի լիներ, որ իր վրայից մեղքը հանելու և
ուրիշ մեղավորների «նշանակելու» փորձեր կլինեն։ «Ինչ վերաբերում է
տարբեր հրամանատարների պատասխանատվության ենթարկելուն, ապա այլ տարբերակ
այս իրավիճակում չի կարող լինել։ Այդ դեպքում ովքե՞ր են լինելու
պատասխանատուները` սովորական քաղաքացինե՞րը, կամավորնե՞րը, թե՞ ավելի ցածր
օղակի հրամանատարներ, որոնք մեծ պատասխանատվություն չեն կրել»,- ասել է
նա։