Հայաստանն ընդունել է մեր հինգ կետերը, արտգործնախարարները կսկսեն բանակցությունները փաստաթղթի տեքստի շուրջ․ Ալիև
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ պատասխանելով իտալական լրատվամիջոցների հարցին՝ Ադրբեջանի կողմից Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման համար փոխանցված հինգ հիմնական կետերի մասին նշել է․
«Երկու երկրների տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչում, միմյանց նկատմամբ տարածքային պահանջներից փոխադարձ հրաժարում, ուժի և սպառնալիքների կիրառումից հրաժարում, սահմանների սահմանազատում և հաղորդակցության բացում»։
Ալիևի խոսքով՝ Ադրբեջանի կողմից Հայաստանին առաջարկված հինգ հիմնարար սկզբունքները նախկինում ընդունվել են Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից։
«Դա կրկին հաստատվեց երկու օր առաջ Բրյուսելում մեր հանդիպման ժամանակ։ Մեր արտգործնախարարները բանակցություններ կսկսեն համաձայնագրի տեքստի շուրջ՝ հիմնվելով այս հինգ սկզբունքների վրա»,-ասել է Իլհամ Ալիևը։