Այս բոլոր ջանքերն ուղղված են Զանգեզուրի միջանցքի իրականացմանը․ Ալիև
«Ադրբեջանին, Հայաստանին և մեր մյուս հարևաններին կապող ենթակառուցվածք ստեղծելու հարցը արտացոլվել է պատերազմի ավարտից հետո ստորագրված Եռակողմ հայտարարության մեջ։ Ադրբեջանն արդեն սկսել է լայնածավալ ենթակառուցվածքային նախագծեր իրականացնել իր ազատագրված տարածքներում»։
Այդ մասին, մասնավորապես, սեպտեմբերի 2-ին Իտալիայի Չեռնոբիո քաղաքում ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ իտալական Il Sole 24 Ore թերթին տված հարցազրույցում։
«Մենք շահագործման ենք հանձնել առաջին միջազգային օդանավակայանը։ Երկրորդ միջազգային օդանավակայանի թռիչքուղին արդեն գործում է, իսկ օդանավակայանը շուտով կբացվի։ Մենք էլեկտրակայաններ ենք կառուցել, էլեկտրահաղորդման գծեր ենք անցկացրել։ Մենք կառուցում ենք մայրուղիներ, թունելներ, կամուրջներ և երկաթուղիներ։ Աշխատանքները շարունակվում են, և մենք այդ աշխատանքն անում ենք ոչ միայն հարևանների հետ շփումն ապահովելու, այլև ներքին օգտագործման համար։ Այս բոլոր ջանքերն ուղղված են նաև Զանգեզուրի միջանցքի իրականացմանը, որը Հայաստանի միջոցով կկապի Ադրբեջանը Նախիջևանի Ինքնավար Հանրապետության հետ»,- ընդգծել է ադրբեջանական պետության ղեկավարը։