Տա Աստված, որ այդ մեղադրանքները դատարանում հերքվեն․ Քոչարյանը՝ Միքայել Արզումանյանի դեմ մեղադրանքների մասին
Միքայել Արզումանյանի փայլուն զինվորական լինելու մասին որևէ մեկը կասկած չի հարուցել։ Նա փայուն զինվորական է եղել դեռ 90-ականներից, երբ երիտասարդ էր։ Դրա մասին շատ քչերն են հիշում։ Այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը։
Նրա խոսքով՝ Միքայել Արզումանյանի մեղադրանքն այլ բովանդակության է, և ինքը հիմա չի էլ ուզում խոսել մեղադրանքի մասին։
«Տա Աստված, որ այդ մեղադրանքները դատարանում հերքվեն։ Ես շատ բան չեմ կարող հիմա ասել, բայց այս շենքում հիմա շատ փաստաթղթեր կան, որոնք գտնվում են Քննիչ հանձնաժողովի տրամադրության տակ։ Ես չեմ ուզում շտապել, սա շատ զգայուն հարց է»,-նշեց Քոչարյանը։
Քոչարյանի խոսքով՝ ինչպես բոլորը, ինքը ևս սրտացավ է Արզումանյանի համար։
«Ոչ մեկ չի ուզենա այնպիսի մեղադրանք դնել մի մարդու վրա, որն իր ուսերի վրա է վերցրել թեկուզ 44-օրյա պատերազմի վերջին հատվածը։ Բայց եթե կան սխալներ, որոնք բերել են չարդարացված կորուստների՝ տարածքային, ապա դա պետք է քննվի, և քննության արդյունքները պետք է լինեն անբեկանելի, փաստարկված և հաստատված»,- նշեց Անդրանիկ Քոչարյանը։