Հայաստանում ԼԳԲՏ համայնքի գրասենյակի բացումը հայ-շվեդական կամ հայ-հոլանդական հարաբերությունների զարգացման հետ ի՞նչ կապ ունի․ Ղազարյան
Ինչպես արդեն տեղեկացրել էինք, Իրավունքի կողմ իրավապաշտպան ՀԿ-ի կողմից Երևանում բացվել է նոր գրասենյակ՝ ապահով տարածք ԼԳԲՏՔ տրանս համայնքի համար։
ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանը, մեկնաբանելով գրասենյակի բացումը, նշեց, որ ինքը չի հասկանում, թե նրանց գրասենյակը որն է։ Գրասենյակն այն տեղն է, որտեղ մարդիկ ինչ-որ բան են գրում։
«Ես ուզում եմ հասկանալ, թե նրանք այդտեղ ինչ են գրելու։ Հյուրանոց լիներ՝ ուրիշ բան։ Եվ մյուս հանգամանքը՝ Մարդու իրավունքների պաշտպանը պաշտոնյա է։ Հետևաբար Հայաստանի պաշտոնյայի ներկայությունն այդ գրասենյակի բացմանը, կոնկրետ քաղաքականության նշան է ցույց տալիս։ Հայաստանում օրական տարբեր գրասենյակներ կարող են բացվել։ Ես ուզում եմ հասկանալ, թե նրա հատուկ ներկայությունն այդ գրասենյակում իր մեջ ի՞նչ խորհուրդ է պարունակում։ Գիտեմ նաև, որ բացմանը մեծ ֆինանսական աջակցություն է ցուցաբերվել։ Ներկա էին Շվեդիայի և Ֆինլանդիայի դեսպանները։ Ես էլ եմ դեսպան եղել։ Դեսպանների միջև խնդիրը երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների զարգացումն է։ Ես ուզում եմ իմանալ՝ Հայաստանում ԼԳԲՏ համայնքի գրասենյակի բացումը հայ-շվեդական կամ հայ-հոլանդական հարաբերությունների զարգացման հետ ի՞նչ կապ ունի, որ այստեղ առաքելության եկած դիվանագետները նախ ֆինանսավորում են իրականացրել, և երկրորդ՝ աջակցություն ցուցաբերել։ Առավելևս, որ դիվանագիտական հարաբերությունների մասին Վիեննայի կոնվենցիան պահանջում է, որ դեսպանները հարգանք ցուցաբերեն դեսպանընկալ երկրի, օրենքների և մշակույթային արժեքների, ավանդույթների նկատմամբ»,- նշեց Ղազարյանը։