Արևմուտքը սադրիչ քաղաքականություն է վարում Ուկրաինայի նկատմամբ. Էրդողան
Արեւմուտքը սադրիչ քաղաքականություն է վարում Ուկրաինայի նկատմամբ։ Նման հայտարարություն է արել Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիփ Էրդողանը Բելգրադում Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչի հետ համատեղ մամուլի ասուլիսում, գրում է Anadolu-ն։
«Հստակ կարող եմ ասել, որ ճիշտ չեմ համարում Արևմուտքի դիրքորոշումը Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պատերազմում։ Որովհետև կան Արևմուտքի գործողություններ, որոնք հիմնված են կողմերին սադրելու վրա։ Նրանք հայտարարում են ռազմական աջակցություն և զենք ուղարկում, բայց ուղարկում են ամբողջ հնացած մետաղի ջարդոնը»,- ասել է Թուրքիայի ղեկավարը։ Նա ընդգծել է, որ Ռուսաստանին չի կարելի թերագնահատել ու անլուրջ վերաբերվել։
«Թուրքիան հավատարիմ է Ուկրաինայի և Ռուսաստանի նկատմամբ հավասարակշռված քաղաքականությանը և կշարունակի դա անել։ Անկարան հանդես է գալիս Ուկրաինայում վաղաժամ զինադադարի օգտին։ Սակայն ներկայիս գործընթացները վկայում են այն մասին, որ պատերազմը շուտով չի ավարտվի»,- ասել է Ռեջեբ Թայիփ Էրդողանը։