Բոլորն ուզում են, որ ես առաջադրվեմ. Թրամփը` ԱՄՆ նախագահի թեկնածու դառնալու մասին
ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ դեռ վերջնական որոշում չի կայացրել 2024 թվականին ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում իր թեկնածության հնարավոր առաջադրման վերաբերյալ, հայտնում է NDTV-ն։ Նրա խոսքով, առաջիկայում կխոսի իր թեկնածությունն առաջադրելու մասին։
«Բոլորն ուզում են, որ ես առաջադրվեմ: Ես որոշում կկայացնեմ որքան հնարավոր է շուտ»,- հավելել է Թրամփը։
Վերջերս ամերիկյան լրատվական կայքերում ակտիվորեն քննարկվում է թե՛ Թրամփի, թե՛ Սպիտակ տան ներկայիս ղեկավար Ջո Բայդենի հաջորդ նախագահական ընտրություններին մասնակցելու հնարավորությունը։
Եթե երկու քաղաքական գործիչներն էլ ստանան թեկնածուի կարգավիճակ, դա կլինի նրանց 2020 թվականի մենամարտի կրկնությունը։ Միևնույն ժամանակ, ամերիկացի ընտրողների շրջանում անցկացված վերջին հարցումները ցույց են տալիս, որ ԱՄՆ քաղաքացիների մեծամասնությունը դեմ է Թրամփի և Բայդենի մասնակցությանը 2024 թվականի ընտրություններին։