Ես չեմ վախենում Աննա Հակոբյանից և ամբողջ ռեպրեսիվ ապարատից․ Ադիբեկյան
Անկեղծ ասած՝ ես չեմ վախենում Աննա Հակոբյանից, ինչպես նաև ամբողջ ռեպրեսիվ ապարատից, որը կարող է բարդացնել իմ կյանքը, զուտ այն պատճառով, որ ես պատրաստ եմ հետևանքներին։ Այս մասին «Հայելի» ակումբում հայտարարեց ադրբեջանագետ Արմինե Ադիբեկյանը։
Նրա խոսքով՝ ինքը պաշտպանում է իր պետությունը և իր ժողովրդին։
«Աննա Հակոբյանը պաշտպանում է իրեն, իր մարդուն, իր ապագա որբերին և այն փողերը, որ գռփել են այս երկրից։ Տարբերությունը դա է։ Ու եթե ես դրա համար պիտի գնամ ու նստեմ, ապա խնդիր չեմ տեսնում։ Ու վախեցող մարդը չի գալիս այստեղ ու չի խոսում։ Եթե ես եկել եմ այստեղ և խոսում եմ, ապա խոսում եմ բոլոր թեմաներից, որոնք կարևոր և ակտուալ են մեր ժողովրդի համար»,- նշեց Ադիբեկյանը։
Նրա խոսքով՝ ինքը չի կարող գալ և խոսել Նիկոլ Փաշինյանից, Ալեն Սիմոնյանից, Ռուբեն Ռուբինյանից և «մնացած տկարամիտ, քաղցկեղածին բջջներից» ու լռել Աննա Հակոբյանից, որն իր հաշվին շրջում է աշխարհով մեկ։ Մարդ, որը դասավորում է իր երեխաների ապագան՝ զոհաբերելով 5000 հոգի ռազմադաշտում և 11 000 հոգի՝ կորոնավիրուսի ժամանակ։