Պուտինը բաց դարպասին պաս տվեց Նիկոլ Փաշինյանին, որ վերջինս խոսի ինքնորոշման իրավունքից, բայց ոչ մի ակնարկ չեղավ․ Շարմազանով
Կապիտուլյանտ իշխանությունները` Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, Հայաստանն ու Արցախը տանում են վերջնական կապիտուլյացիայի։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը։
Նրա խոսքով՝ Բրյուսելից հետո Նիկոլ Փաշինյանի ելույթը մենք տեսանք նաև Վլադիվոստոկում, որտեղ ոչ մի ակնարկ չկար ինքնորոշման իրավունքի մասին։ Եվ դա այն պարագայում, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը բաց դարպասին պաս տվեց Նիկոլ Փաշինյանին, որ վերջինս խոսի ինքնորոշման իրավունքից։
«Այդ պատճառներն ակնհայտ են։ Ադրբեջանա-թուրքական տանդեմի կողմից, ըստ իս, դրվել է պայման, որ չխոսի Արցախի ինքնորոշումից, Արցախի անկախությունից, չխոսի ցեղասպանությունից և առհասարակ ԼՂ-ի խնդրի հայանպաստ լուծումից։ Ի՞նչ եք սպասում այդ մարդուց, եթե ՀՀ իշխանություն կոչվածը կանգնում ու հայտարարում է, որ իրենք ընդունում են Ադրբեջանի բոլոր պայմանները, բոլոր կետերը։ Այդ կետերում ինքնորոշման իրավունքի մասին լսե՞լ եք»,- նշեց Շարմազանովը։
Շարմազանովի խոսքով՝ գործն անգամ հասել է նրան, որ նրանց իշխանության «վայ» ներկայացուցիչներից մեկը հայտարարել է, որ մենք ինքնախաբեության մեջ ենք եղել և որ Արցախի ինքնորոշման իրավունքի հարց չի եղել։
«Ինքնախաբեության մեջ է եղել հայ ժողովուրդը 2018թ․-ին, երբ գնացել է քաղաքական ավանտյուրիստների հետ։ Ինքնախաբեության մեջ են եղել նրանք, ովքեր Նիկոլի հետ հույս են կապել, նրանք, ովքեր ցնծում էին, երբ նա ասում էր՝ Արցախը Հայաստան է և վերջ․․․»,- նշեց Շարմազանովը։