Մենք ՀՀ տարածքով Ադրբեջանին միջանցք չենք տալու, բայց ճանապարհ տալու ենք և դա պատրաստ ենք անել ցանկացած պահի․ Փաշինյան
Ճանապարհի բացումը Սյունիքի մարզի և Հայաստանի համար ոչ մի սպառնալիք չի ստեղծում, ընդհակառակը՝ ճանապարհի բացումը կբերի անվտանգության և կայունության լրացուցիչ երաշխիքների։ Այլ բան է, որ ադրբեջանական խոսույթի մեջ երբեմն մտնում են արտահայտություններ, նախաձեռնություններ, որոնք բացահայտում են որոշակի վտանգներ։ Այս մասին Վլադիվոստոկում հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ ասաց Նիկոլ Փաշինյանը։
Նրա խոսքով՝ մենք ՀՀ-ի տարածքով որևէ միջանցք որևէ մեկին չենք տալու։
«Ուզում եմ բոլորս հստակ արձանագրենք՝ մենք Հայաստանի տարածքով որևէ միջանցք որևէ մեկին չենք տալու, բայց ճանապարհ տալու ենք, ճանապարհ բացելու ենք և պատրաստ ենք դա անել ցանկացած պահի։ Ես ամենանայն պատասխանատվությամբ ասում եմ։ Մենք այս մասով առաջարկներ ենք փոխանցվել Ադրբեջանին։ Եվ որ պահին Ադրբեջաննընդունի այդ առաջարկները, դրանց հիման վրա կարելի է փաստաթուղթ ստորագրել և շատ արագ, ինչքան հնարավոր է արագ իրագործել այդ պայմանավորվածությունը»,- նշեց Փաշինյանը և հավաստիացրեց, որ դա ոչ մի սպառնալիք չի ստեղծում։
Նրա խոսքով՝ ճանապարհի բացումը ոչ միայն սպառնալիք չէ ՀՀ-ի համար, այլև շատ օգտակար է ՀՀ-ի համար, Ադրբեջանի համար էլ է օգտակար, Թուրքիայի համար էլ։
«Ես ուզում եմ ասել, որ այդ խոսույթի տարբերությունն այն է, որ Ադրբեջանն ուզում է, որ որ տարածաշրջանային կոմունիկացիաները բացվեն այնպես, որ Հայաստանը շարունակվի մնալ շրջափակման մեջ, այ դա սպառնալիք է»,- նշել է Փաշինյանը և հավելեց, որ ինքն այժմ շատ նրբերանգներ չի բացում։