«Հանձնաժողովն ասաց` քայլում ես, ձեռքդ շարժում ես, դա կարգ չի». պատերազմում ծանր վիրավորում ստացածին զրկել են հաշմանդամության թոշակից (լուսանկար)
Արագածոտնի մարզի Մաստարա գյուղի բնակիչ, 44-օրյա պատերազմի մասնակից 20-ամյա Ժորա Մանուկյանի հաշմանադամության 3-րդ կարգը Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը չի հաստատել, պատերազմի մասնակիցը զրկվել է թոշակից:
News.am-ի հետ զրույցում Ժորա Մանուկյանը պատմել է, որ պատերազմի ժամանակ բեկորային վնասվածք է ստացել, օրեր շարունակ կոմայի մեջ է եղել, հիմա էլ գլխի հատվածում 4 սմ մեծությամբ բեկոր կա, որը դեռ հեռացված չէ:
«3 բեկոր կար գլխիս վրա, երկուսը հեռացրել են, մեկը դեռ կա: Ձախ կողմս` ոտք, ձեռք, ընդհանրապես չէի զգում, վերականգնողական կուրս անցնելուց հետո սկսեցի քայլել, ձեռքս շարժել, ինչից հետո հանձնաժողովը ինձ ասաց, որ քայլում ես, ձեռքդ շարժում ես, դա կարգ չի առաջացնում, կարող ես աշխատել: Մինչ այդ 3-րդ կարգի հաշմանդամություն ունեի: Այսինքն` իրենց ասելով ես կարող եմ աշխատել, բայց ես մինչեւ հիմա անտանելի ցավեր ունեմ, ձախ ձեռքով չեմ կարողանում ընդհանրապես ծանրություն վերցնել, չեմ կարող աշխատել: Բացի այդ, թոշակս ծախսում էի դեղորայքի վրա, նաեւ հոգեմետ դեղեր եմ խմում, որոնք նույնպես գնում եմ, հոգեբանական խնդիրներ նույնպես առաջացել են պատերազմից հետո»,- պատմել է նա:
