Բոլորս միահամուռ, առանց որևէ խուճապի, վճռականորեն կանգնում ենք մեր բանակի թիկունքին և դաժան հակահարված ենք տալիս թշնամուն. Չալաբյանի կոչը
«Համախմբում» շարժման անդամ, ընդդիմադիր հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանը ֆեյսբուքյան իր էջում քարտեզ է հրապարակել և կից գրել.
«Սիրելի բարեկամներ,
Ինչպես արդեն գիտեք, կեսգիշերին Ադրբեջանը լայնածավալ ռազմական ագրեսիա է սկսել Հայաստանի Հանրապետության դեմ: Ողջ գիշեր մեր արևելյան սահմանի մեծ մասի երկայնքով, Կապանից մինչև Արտանիշ, ընթացել են ծանր մարտեր, մեր բանակն ամենուրեք հակահարված է տվել, երկու կողմից կան բազմաթիվ կորուստներ:
Այս ամենի պատճառների և հետևանքների մասին կխոսենք ավելի ուշ:
Այժմ բոլորս միահամուռ, առանց որևէ խուճապի, վճռականորեն կանգնում ենք մեր բանակի թիկունքին, ըստ անհրաժեշտության համալրում ենք բանակը, և դաժան հակահարված ենք տալիս թշնամուն: Միայն մեր վճռականությամբ և տոկունությամբ մենք կարող ենք վերջ տալ այս չդադարող ագրեսիային, և արժանապատիվ խաղաղություն նվաճել:
Աստված պահապան իրենց հայրենիքի համար բոլոր կռվողներին»:
