Բլինկենն Ալիևին հորդորել է դուրս բերել զորքերը սահմանից և անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները
ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Նեդ Փրայսը լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ պատասխանել է ադրբեջանական զինուժի գործողությունների և հայ-ադրբեջանական բախումների հետևանքով ստեղծված ծանր հումանիտար իրավիճակի մասին։ Փրայսը շեշտել է, որ իրավիճակը շարունակում է մնալ խիստ մտահոգիչ։
«Ինչպես գիտեք, պետքարտուղար Բլինկենը հնարավորություն ուներ նախորդ երեկոյան խոսել Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ՝ այս շաբաթվա սկզբին՝ ռազմական գործողությունների սկսվելուց անմիջապես հետո: Նա մեր մտահոգությունն է հայտնել իրենց ընդհանուր սահմանի երկայնքով ռազմական գործողությունների, այդ թվում՝ Հայաստանի ներսում ռմբակոծությունների մասին հաղորդումների վերաբերյալ։ Նա կոչ է արել նախագահ Ալիևին դուրս բերել զորքերը սահմանից, անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները, որոնք կարող են վտանգել խաղաղ բնակչությանը և աշխատել Հայաստանի և Ադրբեջանի միջև բոլոր խնդիրները լուծել խաղաղ բանակցությունների միջոցով: Այս համատեքստում մենք երկու առաջնորդներին և բոլոր մակարդակներում էլ ավելի վաղ հասկացրել ենք, որ այս հակամարտությունը չի կարող ունենալ ռազմական լուծում։ Մենք կոչ ենք արել երկու կողմերին զերծ մնալ հետագա ռազմական գործողություններից և երկխոսության ու դիվանագիտության մեջ մտնել։ Մեր կողմից մենք շարունակում ենք խորապես ներգրավված լինել:
Դեսպան Ռիկերը՝ հակամարտությունների կարգավորման մեր ավագ խորհրդականը, դեռ Բաքվում է։ Սեպտեմբերի 13-ին նա հանդիպել է Ադրբեջանի բարձրագույն ղեկավարության հետ։ Բաքվում դեսպան Ռիկերը հանդիպել է նախագահ Ալիևի հետ»,- ասել է Նեդ Պրայսը։