Ադրբեջանցիները թիրախավորել են Սևանա լճի ափին գտնվող Մարտունի քաղաքը․ ԳՇ պետ
Ադրբեջանի ԶՈւ-ն թիրախավորել է Սևանա լճի ափին գտնվող Մարտունի քաղաքը։ Այս մասին Ջերմուկում դեսպանների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանը։
Նա նշեց, որ թեև Ջերմուկը հակառակորդի հիմնական գործողությունների ուղղությունն է այս պահին, սակայն ադրբեջանցիները մխրճվել են նաև Ներքին Հանդի և Շորժայի ուղղությամբ՝ 1-2 կմ, իսկ Իշխանասարի ուղղությամբ՝ 0.5 կմ։
«Ջերմուկի ուղղությամբ հակառակորդը 7.5 կմ խորությամբ էր ներխուժել, այսինքն` մյուս հատվածների ներխուժումը համեմատելի չէ Ջերմուկի հետ։ Մյուս ուղղություններով հակառակորդը հետ է շպրտվել։ Ջերմուկը հակառակորդի հիմնական գործողությունների ուղղությունն է այս պահին»,- ասաց Ասրյանը։
ԳՇ պետը նշեց, որ հակառակորդի գերակշռությունը հաշվի առնելով՝ հայկական կողմը կորցրել է որոշ մարտական դիրքեր։
«Ճեղքվածներով կարողացել է հարյուրավոր ստորաբաժանումներով ներթափանցել մեր պաշտպանության խորքը: Ներկա դրությամբ հայկական զորքը գտնվում է հակառակորդի հետ անմիջական շփման պայմաններում, և արձանագրվում են ադրբեջանական ստորաբաժանումների բազմաթիվ շարժեր տարբեր ուղղություններում»,- ասաց Ասրյանը։
Նա հավելեց նաև, որ իրենց կարող են դեսպաններին ուղեկցել և Ջերմուկում ցույց տալ, թե որ տարածքներն են եղել թշնամու թիրախում։