Այս պահին Ջերմուկի վտանգավոր գոտում քաղաքացիական անձինք չկան․ Վայոց ձորի մարզպետ
Ջերմուկի բնակիչների մի մասը տեղափոխվել է պաշտպանական վայրեր, ապաստարաններ, մյուս մասը՝ մոտիկ անվտանգ տարածքներ: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 16-ին, Ջերմուկում տարբեր երկրների դեսպանների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանը:
Նա վստահեցրեց, որ չնայած թշնամու կողմից հարվածներն անակնկալ էին, սակայն բնակիչների տարհանման հետ կապված բոլոր միջոցառումներն իրականացվել են։
«Ջերմուկի քաղաքացիական բնակչության շրջանում որևէ կորուստ չի գրանցվել: Այս պահին Ջերմուկի վտանգավոր գոտում քաղաքացիական անձինք չկան»,- ասաց մարզպետը:
Նա նաև ընդգծեց, որ թշնամու առաջխաղացումը քաղաքացիական ենթակառուցվածքներում չի եղել և, հետևաբար, մարդիկ չեն եղել այդտեղ։ Առաջխաղացումը եղել է այնտեղ, որտեղ արոտավայրեր են, ինչպես նաև նման այլ չբնակեցվող տարածքներում։
«Հաշվի առնելով մեր երեխաների անվտանգությունը՝ դադարեցվել են դասընթացները դպրոցներում: Մենք հիմա մտածում ենք այլ միջոցառումներ, որպեսզի այդ երեխաների կրթություն ստանալու իրավունքն ապահովենք»,- ասաց Արարատ Գրիգորյանը: